Home » Blog » Ապրում էին

Ապրում էին

Լայնացան մարդկանց սեղանները, լայնացան դրամապանակները, լայնացան մարմիններն անգամ ու հոգին կուչ եկավ ժանգի ու թույնի մեջ ու խամրեցին մտքերը ու եկավ քաոս։

Գաղջը պատեց իրականությանը ու մարդիկ սկսեցին ապրել իրենց հորինած իրականության մեջ, սահմանցած ապրել-մեռնել խաղի կանոններով։ Տիրեց քաոս, տիրեց խելահեղ մրցավազք, մարդիկ կորցրին բոլոր արժեքները, փնտրեցին երջանկությունը մատերիայի ու սին պատրանքների մեջ, սակայն կորցրեցին կարևորագույնը՝ իրական երջանկությունը ու իրենք իրենց։

Տարածվեց այլասեռություն ու խաբեություն, մարդիկ իրար կոկորդ էին կրծում հերթական պատառի համար, խելահեղ վազքում ու գզվռտոցում շնչահեղձ էին լինում, շնչում ու արտաշնչում էին թույն ու թարախ ու էլի «ապրում» էին։

Սերը դարձավ զավեշտ, կյանքը՝ ծաղրածուների թատերաբեմ, մարդը ատեց մարդուն, ճահճային միջավայրում նեխեց ամենը, որ նվիրական ու մաքուր էր, ու ապրում էին գոյության օրենքներով։

Մեկը «հաջողակ» էր, մյուսը «ուսյալ», երրորդը՝ «կատարյալ» ու ապրում եին մարդիկ կատարյալ բթության մեջ՝ չկասկածելով անգամ, որ իրենք մահացու ցիկլի մեջ են ու միայն թույն են գեներացնում։

Ապրում էին երբեք չարթնանալով, «արարում» էին իրենք իրենց չհարցնելով ինչ ու ինչի համար ու ապրում էին ու արարում էին։

Հեռու հավատից, հեռու սիրուց, հեռու ճշմարտությունից, ապրում էին…

Մարդը դարձավ մրջյուն, մրջյունը գործարար, կատուն՝ մուկ, մուկը՝ առյուծ ու ապրում էին։

Ձգտումը գործն ու փողն էր, որովհետև արժեքը փողն էր, դատելու չափանիշը մարդու գործերում հաջողություններն էին։ Ու ապրում էին։

Մուկը ցորեն էր գողանում մինչև «առյուծ» դառնա, առյուծը ինքնամեկուսացել էր, որ մկին չտեսնի, կատուն մկի հետ լավ հարաբերություններ էր ձևավորում ու ապրում էին…

Ապրում էին իրականության սին ու փոչ պատրանքներով միայն, ապրում էին երջանիկ ձևանալով, բայց թաքուն մյուսներին երանի տալով, որովհետև թվում էր՝ թե մյուսը երջանիկ է, հաճույք էին ստանում գզվռտոցից, վնասելուց, ծաղրելուց, խաբելուց ու ապրում էին։

Պակասում էին գույները, պակասում էր եռանդը, պակասում էր իմաստը, ամեն ինչ գնում էր դեպի անդունդի հատակը։ Ու ապրում էին։

Կորավ սերը, կորավ բարեկամությունը, կորավ կարեկցանքը, ազնվությունը հոմանիշվեց հիմարությանը, սերն ու բարությունը դարձան բառ ու հույսը մեկն էր՝ մի մեծ կտոր պոկել անդունդը գլորվող աշխարհից սեփական արժանապատվության զգացողությունը ամրապնդելու համար՝ ծանր կտորը այնուհետև հավերժ քարշ տալով հետները իրենց փակ ցիկլում… Ու այդ կտորը ավելի մեծ նշանակություն ու արժեք ուներ, քան հենց իրենք։ Խեղճ մարդիկ… Ապրում էին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *